Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ընդվզման օրը

Ընդվզման օրը
28.03.2025 | 17:37

Հայաստանի ներկա հանրային-քաղաքական կյանքը մի կատարյալ ֆարսի է վերածվել, որն ասես իմպրովիզացիոն հնարքներով է առաջանում: Սակայն սուր աչքը նկատում է, որ ամեն ինչ նախապես բեմագրված է, պարզապես պաթոսի տակ գլխավոր դերակատարները հաճախ իրենց թույլ են տալիս առավել ճամարտակել ու խեղկատակային շարժեր անել: Այստեղ, անշուշտ, անգերազանցելին իշխանական պարագլուխն է, ով դեռեւս օգտվելով իր պաշտոնական դիրքից, ամեն օր թույն, ատելություն, ծաղր ու արհամարհահնք է տարածում հայկական արժեքների, պետականության, համազգային նպատակների ու երազանքի վերաբերյալ, ուղղակի գերազանցելով մեր թշնամու խոսույթը, «հանրահռչակելով» ու պաշտպանելով նրա մտադրությունները:

Մենք մեր մաշկի վրա ենք զգում, որ ներքին թշնամին, իսկապես, շատ ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Եվ այս այլանդակ ֆարսի վերջը դեռեւս չի երեւում, քանի որ հակընդդեմ՝ համարժեք քայլերի սղություն, եթե չասեմ՝ բացակայություն կա: Բայց հուսալքվելը տեղին չէ. ինչպես ամեն մի հակազգային-հակապետական իշխանություն անցավոր է, սա էլ կանցնի, պարզապես պետք է պայքարով առավելագույնս մոտեցնել այդ օրը, թե չէ կարող է տեղի ունենալ անդառնալին՝ Արցախից հետո կորցնել ողջ Հայաստանը: Առանձին դրական երեւույթներ իսկապես հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կազատագրվի իշխող մղձավանջից եւ երկիրը դարձյալ կմտնի կեցության բնականոն հուն: Օրինակ, գովելի է, որ Բագրատ Սրբազանի օրհնությամբ շարունակվում է պայքարը նոր ձեւերի կիրառմամբ, այս անգամ՝ բաց-հանրային քվեարկության ձեւով: Որ կյանքի է կոչվում «Հայոց տուն» նախաձեռնությունը, որին մասնակից պիտի դառնան երկրի ու հայության բարձրակարգ, ազգակիր մտավորականները: Որ հասարակական ակտիվություն են ցուցաբերում արցախցիները՝ կազմակերպելով մեծ հանրահավաք՝ իրենց իրավունքների պաշտպանության խնդրով. բայց վստահ եմ, որ այդ հանրահավաքն ունենալու է նաեւ համահայաստանյան հնչեղություն: Որ մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր հրապարակավ իրենց դժգոհությունն ու անհանդուրժողականությունն են հայտնում գործող ավերիչ ուժին:

Այլեւս տեսանելի է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը անընդունելի է համարում ներկա իշխանությանը, որն, իրոք, դարձել է ազգային չարիքի մարմնացում: Չարիքը չեն հանդուրժում, չարիքը վերացնում են՝ ընդվզմամբ, հայրենական գալիքի հանդեպ խորը պատասխանատվությամբ:

Մոտեցնենք ընդվզման օրը՝ Հայաստանի, հայության, հայկական մեր անանց նպատակների ու իղձերի հանդեպ մեծ սիրով ու նվիրվածությամբ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ